Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ եւ Ռուսաստանին ծառայության գործում հաջողությունների ամենաջերմ մաղթանքներ:

Համոզված եմ, որ պետական եւ քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, նախանշված նպատակներին հասնելու գործում սկզբունքայնությունը եւ հետեւողականությունն այսուհետ եւս կծառայեն ռուսական պետականության ամրապնդմանը:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարեւոր նշանակություն եմ տալիս ձեւավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետեւողական զարգացման համար:

Գոհունակությամբ կարող ենք հաստատել, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարեւոր նախաձեռնություններով, որոնք ընդգրկում են փոխշահավետ համագործակցության նորանոր ոլորտներ:

Ձեր հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում եւ ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու գործում, նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ բարօրություն, քաջառողջություն եւ նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: