Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում օրերս տեղի է ունեցել Գերմանիայի Միջեկեղեցական խորհրդի տարեկան նիստը, որը պաշտոնական հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
Ստորեւ ներկայացնում են հայտարարությունը.
«2015 թվականին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Կայսրության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը։ 1915-1922թթ. մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին, իսկ հազարներ էլ տեղահանվեցին իրենց տներից /ներկայիս Թուրքիա/ եւ աքսորվեցին։ Այսօր աշխարհով մեկ սփռված ավելի քան վեց միլիոնանոց հայկական սփյուռքն այդ ցեղասպանության տեսանելի հետեւանքն է:
Անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ միջազգային հանրության վրա։ Անգամ եթե այսօր գրեթե վերապրողներ չկան, ցավի եւ անարդարության ճանաչումը շարունակում է մնալ արդիական։
Մենք հարգում ենք հայ, ինչպես նաեւ շուրջ 600 հազար արամեացի, ասորի եւ հույն քրիստոնյաների, ներառյալ կաթոլիկների ու բողոքականների, հիշատակը՝ ովքեր սպանվեցին իրենց հայ եղբայրների եւ քույրերի հետ միասին։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ջանքերը «հայ եկեղեցիներին հնարավորություն ընձեռել՝ իրենց ձայնը բարձրացնելու եւ պայքարելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման համար», միշտ գնահատվել է հայ եկեղեցու կողմից։
Գերմանիայի Հայ-առաքելական եկեղեցին Միջեկեղեցական խորհրդի անդամ եկեղեցի է, որի հետ համերաշխ 2015-ին մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: 2005թ. Գերմանիայի Բունդեսթագը մատնանշել է Գերմանիայի պատմական ու բարոյական պատասխանատվությունն այս հարցում։ Որպես Գերմանիայում գործող եկեղեցիներ մենք միասնաբար կրում ենք այս պատասխանատվությունը եւ անհրաժեշտ համարում այն ամեն անգամ հիշեցնել։
Ուստի 2014թ. Մագդեբուրգում կայացած Միջեկեղեցական խորհրդի ժողովն իր անդամ եկեղեցիներին եւ համայնքներին քաջալերում եւ կոչ է անում, աղոթքով եւ հիշատակի միջոցառումներով ոգեկոչել այն։ Ժողովն անդրադարձել է նաեւ Միջեկեղեցական խորհրդի նախագահության 2012թ. առաջարկին՝ տեղերում կազմակերպել միասնական միջոցառումներ հայ-առաքելական, ասորի-ուղղափառ եւ հույն-ուղղափառ եկեղեցիների հետ։ Բոլոր եկեղեցիներում աղոթքի հրավերը պետք է լսելի դարձնել եկեղեցու զանգերի ղողանջով եւ որպես միասնական ժամ առաջարկվել է 2015թ. ապրիլի 24-ին ժամը 17.00-ն:



























