ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի գլխավորած պատվիրակությանը, որտեղ բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը եւ հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ նախարարից հետաքրքրվել, թե որոնք են դատաիրավական ոլորտի բարեփոխումների նպատակները եւ գերակայությունները մեր երկրում: Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ դատաիրավական բարեփոխումները մեր երկրում դինամիկ բնույթ են կրում, եւ հիմնական խնդիրները վերաբերում են դատական համակարգի արդյունավետությանն ու հանրային վստահության բարձրացմանը:
Նախարարի համոզմամբ, հանրային վստահության մակարդակի բարձրացումը հնարավորություն կտա գործի դնել հետադարձ կապի մեխանիզմն ու ավելի արդյունավետ որոշումներ կայացնել:
«Այս խնդիրը միայն պետական կառավարման ոլորտինը կամ դատական համակարգինը չէ, այն ավելի բազմաշերտ է եւ վերաբերում է այլ կողմերին եւս՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին եւ լրատվամիջոցներին: Պետք է աշխատենք նաեւ լրատվամիջոցների հետ, որպեսզի մատուցվող տեղեկությունը լինի գրագետ ձեւակերպված, համապատասխանի էթիկային սկզբունքներին եւ բացառվի ապատեղեկատվությունը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Հարցին, թե որքանով են դատավորները պատժվում իրենց սխալների համար, Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ հարցը շատ զգայուն է եւ դրա լուծմանը պետք է զգույշ մոտենալ: Անհրաժեշտ է մշակել կիրառելի գործիքակազմ, որն ուղղված կլինի կարգապահական պատասխանատվության մեխանիզմների ճիշտ գործադրմանը: Ըստ նրա՝ այստեղ գործադիր իշխանության միջամտությունը կարող է վտանգել դատական իշխանության անկախությունը, ուստի պետք է հարցը լուծել առավելապես ներքին վերահսկողության կարգավորումների միջոցով:
Նիլս Մուժնիկսին հետաքրքրել է նաեւ դատավորների ծանրաբեռնվածության հարցը: Նախարարը նշել է, որ ներկայում առկա են գործերի օպտիմալ բաշխման որոշակի խնդիրներ եւ ընդգծել, որ Արդարադատության նախարարությունը դատական համակարգի գործընկերների հետ նախանշել է դրանց լուծման ուղղությունները:
Հյուրերին ներկայացվել է նաեւ քրեական եւ քրեադատավարական օրենսդրության համակարգում նախատեսվող փոփոխությունները, դրանցով առաջարկվող կարգավորումների էությունը եւ գործադրման երաշխիքները: Մասնավորապես, Արդարադատության նախարարի կողմից արձանագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվել են կալանքին այլընտրանքային նոր խափանման միջոցներ: Կալանքը համարվում է բացառիկ միջոց, որի կիրառության համար անհրաժեշտ է հավաստել, որ խափանման մյուս միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Այդ կերպ, նախատեսվում է լուծել մեկ այլ խնդիրը, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությանը:
Անդրադարձել են նաեւ դատախազության եւ քննչական ծառայությունների հետ համագործակցության աշխատանքներին, ինչպես նաեւ՝ դատապարտյալների պահման պայմանների բարելավմանն ուղղված մի շարք բարեփոխումներին, այդ թվում՝ դատապարտյալների հոգեբանական եւ մշակութային խնդիրներին առնչվող հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներին ու ծրագրերին:
Հովհաննես Մանուկյանը հանդիպման ավարտին Նիլս Մուժնիկսին հանձնել է դատապարտյալի ձեռքով պատրաստված հուշանվեր եւ համոզմունք հայտնել, որ արդարադատությունն ի վերջո կլինի հասարակական հարաբերությունների լավագույն կարգավորիչը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արման Թաթոյանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը, այլք:




























