Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով հարցաքննվել են սպանվածի կինն ու մյուս հարազատները: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Իրավահաջորդը Հարություն Գրիգորյանի կինն է՝ Նելլի Օհանյանը, նա եւ մյուս հարազատները գործով վկաներ են անցնում, սակայն կատարվածի մանրամասներին նրանք էլ տեղյակ չեն: Գիտեն միայն, որ Հարությունին սպանել են եւ իրենց տեղեկություններով՝ Կատունյանն է դա արել»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ շրջանառվում են տարբեր վարկածներ, սակայն դրանցից եւ ոչ մեկը դեռ չի հաստատվել. «Ասում են՝ խանդն է եղել պատճառը, կա վարկած, որ Հարությունի եւ մեղադրյալի կնոջ հարաբերությունները երկար տարիներ են տեւել: Ամեն դեպքում հստակորեն չեմ կարող պատասխանել, թե իրական պատճառը որն է եղել»:
Նշենք, որ այս գործով կալանավորվել է Արման Կատունյանը՝ ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։




























