Վիեննայում Հովհաննես Շիրազի անվան հայկական շաբաթօրյա դպրոցի սաներն ու ուսուցիչները հանդես են եկել բարեգործական նախաձեռնությամբ եւ իրենց հավաքած գումարով համակարգիչ են նվիրել Երեւանի համանուն դպրոցին: Անցյալ տարի այսօրինակ ակցիայի շնորհիվ Վիեննայի Շիրազի անվան դպրոցը եւս մեկ համակարգիչ էր նվիրել Երեւանի այս կրթօջախին:

Դպրոցի սաները շնորհակալական նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել ավստրիահայ պատանիներին:

«Մեր աշակերտներն ու Վիեննայում բնակվող իրենց հասակակիցները պարբերաբար նամակագրական կապի մեջ են միմյանց հետ եւ արդեն ընկերացել են: Մենք էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի այս գեղեցիկ բարեկամությունը հաստատուն լինի»,-հեռախոսազրույցում ներկայացրեց Երեւանի Շիրազի անվան դպրոցի տնօրեն Սուսաննա Մալոյանը:

«Անցյալ տարի եղա այս դպրոցում: Հիացած եմ այստեղ տիրող կարգ ու կանոնով, դպրոցի ու աշակերտների հանդեպ ուսուցիչների եւ տնօրինության հոգատար վերաբերմունքով: Ուրախ եմ, որ երկու համանուն կրթօջախների միջեւ սերտ կապ է ստեղծվել»,- ասաց Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ Ռազմիկ Հարթունյան-Թամրազյանցը: