Սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանը վստահեցնում է, որ իրեն ոչ ոք չի ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբրահամ Բախչագուլյանը:
Նա նշեց, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն եւ այժմ մտածում է ուրիշ աշխատանքի անցնելու մասին: Նոր աշխատանքի անցնելու առաջարկներ կան, բայց երբ որոշում կայացնի, այդ ժամանակ կհայտարարի այդ մասին: «Պատճառներ չկան, իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել, կարծում եմ՝ այս 3 տարիների ընթացքում ծառայությունը կայացել է, հիմա նոր փուլ է, թող մարդիկ զարգացնեն, մենեջմենթը ուրիշ փուլ է, զարգացումը՝ ուրիշ»,-ասաց նա: Աբրահամ Բախչագուլյանը իր առաքելությունը սննդի անվտանգության ծառայությունում ավարտված է համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայությունն այսօր կա, գոյություն ունի, կայացած է եւ համակարգը աշխատում է նորմերի եւ ստանդարտների հիման վրա:
Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ ունեցած խնդիրներին, իր աշխատանքից դժգոհությանը, Աբրահամ Բախչագուլյանն ասաց, որ վարչապետի հետ աշխատել է շատ սերտ եւ համագործակցված, բայց նախարարին հաշվետու չի եղել, քանի որ ըստ ծառայության կանոնադրության՝ պետը հաշվետու է կառավարությանը, վարչապետին եւ նախագահին: Նա հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե պաշտոնանկությունը կապված է բոլոր տնտեսվարողներին իրեն պատկանող «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում փորձաքննություն անցկացնելու պարտադրանքին՝ հավելելով, որ ոչ ինքը, ոչ բարեկամները նման ընկերություն չունեն:
Աբրահամ Բախչագուլյանը չի պատրաստվում համալրել գործազուրկների շարքը: Նա նշեց, որ 13 տարի դասավանդել է եւ այժմ էլ շարունակելու է դասավանդել, պլանավորում է մինչեւ մյուս տարվա վերջ դոկտորական ատենախոսություն պաշտպանել:
Ինչ վերաբերում է սփյուռքի նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյանի նշանակմանը իր պաշտոնում, Աբրահամ Բախչագուլյանը նշեց, որ այն թիմը, որ կա ծառայությունում, հնարավորություն կտա նորանշանակ պետին աշխատել զարգացման ուղղությամբ: «3 տարվա ընթացքում այն կարողությունները, որ ստեղծվել է ծառայությունում, հնարավորություն կտա զագացումը ապահովելու: Եթե իմ աշխատանքից դժգոհություն լիներ, հանրապետությունում կլիներ սննդից թունավորման եւ մահացության դեպքեր, բայց այս ընթացքում ոչ թունավորման էպիդեմիա, ոչ մահացության դեպքեր չեն եղել, ինչը վկայում է որ ես իմ աշխատանցից գոհ եմ»,- նշեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն ազատվել է աշխատանքից: Նրան փոխարինելու է Սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը («Սամսունգի Արմեն»): Նշենք, որ Աբրահամ Բախչագուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարն էր: ԿԸՀ անդամ նա դարձել էր ՀՀԿ-ի կողմից: Նա սննդի անվտանգության ծառայության պետ էր նշանակվել 2011թ հուլիսի 13-ից: Ծառայության նախկին պետը՝ Գրիգորի Գրիգորյանը պաշտոնանկ էր արվել նշանակումից 2 ամիս անց:




























