Հոկտեմբերի 6-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի ունեցավ Աղջիկների Դավթյան դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:

Արարողությանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Հակոբյանը, Հնդկաստանի հայոց հոգեւոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, եկեղեցական վարչության անդամներ տիկ. Սյուզան Ռուբենը եւ պրն. Սունիլ Սոբթին, Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը եւ բազմաթիվ հյուրեր:

Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը կատարեց ծառատունկ: Հիշարժան այս առիթով տեղի ունեցավ ճաշկերույթ:

Նոր մասնաշենքը, որի կառուցումը կսկսվի առաջիկայում, ժամանակակից լավագույն պայմանները կապահովի Կալկաթա ուսման մեկնող հայ աշակերտուհիների համար: Աշխատանքները նախատեսում է ավարտել 2016-2017 ուս. տարում:

Նշենք, որ աղջիկների Դավթյան դպրոցը հիմնադրվել է 1922 թ. բարերար Դավիթ Դավթյանի կողմից: Ավելի ուշ` 1953 թ., դպրոցը միացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանին: