Հայաստանի կառավարության փորձը կապված դեղերի հետ կարող է վտանգավոր լինել: Այդ մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում դեղերի արտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ մեկնաբանելով «Վաճառքի ու ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունները, դեղերի շրջանառության վերահսկողության համար դրոշմների ներմուծումը:
Դեղերի դրոշմավորումը, հավելել է Զաքարյանը, անհնար է, քանի որ փաթեթավորումները կարող են տարբեր չափ ու հաստություն ունենալ: Արդյունքում ստիպված կլինեն ձեռքով դրոշմել, սա նոր ծախսերի կհանգեցնի, որոնց մասնավոր հատվածը դեռ պատրաստ չէ: «Ընդհանուր առմամբ արդեն դժգոհում են, որ դեղերի գները բարձրանում են, կամ ծայրահեղ դեպքում տատանվում են: Իսկ հիմա արդեն հաստատ կբարձրանան»,- հայտարարել է Զաքարյանը: Նա նշել է, որ վերջին ժամանակներում Առողջապահության նախարարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ դրոշմները աննշան կբարձրացնեն դեղերի գինը(5 դրամի սահմաններում), սակայն իրենց վերլուծությունը նախարարությունում դեղագործների հետ չեն կիսել:
Նրա խոսքով՝ կառավարության փաստարկն այն է, որ դրոշմավորումը կօգնի հետեւել դեղերի օրինական շրջանառությանը, ճիշտ չէ: Զաքարյանը նշել է, որ հետեւել հնարավոր է կլինի այլ միջոցներով, որոնք չեն ազդի արդեն գործող շուկայի վրա:
Հիշեցնենք, որ դեղերի պարտադիր դրոշմավորման պահանջն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 31-ից:




























