Վերջին տարիներին Սեւանա լճի մակարդակի առաջանցիկ բարձրացման պատճառով անհրաժեշտություն է առաջացել «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի վերատեղադրման աշխատանքներ իրականացնել Սեւանա լճի ջրածածկվող եւ ողողման տարածքներում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Հայռուսգազարդի» մամուլի ծառայությունից, ափամերձ տարածքներում առկա կոմունիկացիաների շահագործման հետ կապված խնդիրը լուծելու նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը եւ անհրաժեշտ միջոցառումների ծավալները։

Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց՝ ջրածածկվող եւ ողողման գոտիներից գազատարների վերատեղադրման նպատակով նախատեսվում է 2010-11 թվականներին կառուցել շուրջ 8 կմ գազատար:

Նման աշխատանքներ կշարունակվեն նաեւ հետագայում՝ ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց: