Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսին ադրբեջանցի դիվերսանտների կողմից դաժանաբար սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայր:
NEWS.am-ին դատարանի հայտնեցին, որ գործն արդեն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:
«Դատավորն Անատոլի Թադեւոսյանն է՝ դատարանի նախագահը: Նա այս պահին ուսումնասիրում է գործն ու առաջիկայում դատական նիստի օրը կնշանակի»,- հայտնեցին Ստեփանակերտի դատարանից:
Նշենք, որ այս գործով 2 մեղադրյալ կա: Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին մեղադրանք են առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով`առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելությանշարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 16-ամյա մի բնակչի են գերեվարել, որին մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: Հուլիսի 15-ին տղայի դին հայտնաբերել են, իսկ մեկ օր անց էլ հուղարկավորել նրան փակ դագաղով, հարազատներին թույլ չեն տվել նույնիսկ դիակը տեսնել:




























