Ադրբեջանը կաշառում է, այսպես կոչված «ազատ աշխարհի» ներկայացուցիչներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմանը:

ԵԽԽՎ զեկույցը, ըստ նրա, փաստացի կդառնա ադրբեջանական լոբբինգի կողմից գնված փաստաթուղթ: «Նախ՝ անվանումն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանում ամեն ինչ այնքան ժողովրդավար, այնքան լավ է, որ ամեն ինչ թողել, սկսել եք զբաղվել Լեռնային Ղարաբաղո՞վ: Դա դեռ քիչ է, Լեռնային Ղարաբաղը նաեւ գրավյալ տարածք են ներկայացնում»,- վրդովվեց Դավիթ Բաբայանը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի պատվիրակությունը ճիշտ է վարվել՝ այդ հարցի շուրջ կոշտ դիրրքորոշում ցուցաբերելու համար: «Կարծում եմ, որ դա հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պետություն է, որը լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար, քանի որ կաշառելով որոշ մարդկանց կամ ուժերի՝ վտանգի է ենթարկում ժողովրդավարական աշխարհը: Դա պետք է լուրջ ազդանշան դառնա քաղաքակիրթ աշխարհի համար»,- ընդգծեց Արցախի նախագահը մամուլի խոսնակը: