Անկախ նրանից՝ ով ինչ է ասում, միեւնույն է՝  ԲՀԿ-ն ունի իր քաղաքական եւ օլիգարխիկ թեւը, եւ ինչպես շատ քաղաքական կառույցներ Հայաստանում, ԲՀԿ քաղաքական թեւը եւս շատ ավելի փոքր է, քան օլիգարխիկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝  ի պատասխան մեր հարցի, թե ինչպես է մեկնաբանում ԲՀԿ-ականների հայտարարությունների «սրբագրումները»:

«Վաղուց եմ ասել՝ օլիգարխ ընդդիմադիր դժվար եմ պատկերացնում, չի լինում նման բան, չեմ պատկերացնում օլիգարխի, ով կարող է կանգնել ընդդիմադիր հարթակում եւ հայտարարել, որ ինքը պահանջում է իշխանափոխություն, քաղաքական թեւը կարող է  հայտարարել եւ պահանջներ դնել»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանը ԲՀԿ-ի քաղաքական թեւի հետեւորդներից է համարում Վահե Հովհաննիսյանին, Ստեփան Մարգարյանին, Նաիրա Զոհրաբյանին, Վարդան Օսկանյանին, իսկ օլիգարխիկ թեւի ներկայացուցիչներից են Կարո Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը եւ այլն, ովքեր արդեն հայտարարել են, թե չեն մասնակցելու հոկտեմբերի 10-ին կանայալիք եռյակի հանրահավաքին:

Նույն խնդիրը ՀՀԿ-ում կա, իսկ ԲՀԿ-ում դա ավելի ցայտուն է, քանի որ քաղաքական թիմը շատ ավելի փոքր է, քան օլիգարխիկը: «Որովհետեւ երբ քաղաքականը սկսում է  կապվել օլիգարխիկին, ունենում ենք այն, ինչ ունենք, արդյունքում՝ գաղափարը պարտվում է փողին»,-ասաց Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը շեշտում է, որ բախումը կա նաեւ ավելի փոքր եւ օլիգարխիկ թեւ չունեցող կուսակցությունների դեպքում, օրինակ՝ Ռուբեն Հակոբյանը նույն հարթակում ելույթ է ունենալու, իսկ Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ չի գնալու հանրահավաքին:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ ԲՀԿ-ն իշխանափոխություն է ուզում, իսկ այսօր մեկ այլ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի:

Իր հերթին Զոհրաբյանը սրբագրել է Ստեփան Մարգարյանի ասածը, թե եռյակի առաջնորդները կլինեն Օպերայի հարթակում, ասելով, որ կլինեն, բայց օրը հայտնի չէ: