Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը չի ցանկանում մեկնաբանել ՃՈ պետ Արսեն Գալստյանի պաշտոնանկությունը եւ այդ պաշտոնում Արտակ Հարությունյանի նշանակումը: «Եթե ոստիկանապետը նշանակել է, ուրեմն այդպես է նպատակահարմար գտել, եթե նշանակել է, ուրեմն ճիշտ մարդ է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա:

Մարգար Պհանյանը չի ճանաչում Արտակ Հարությունյանին, չի ցանկանում գնահատել նաեւ Արսեն Գալստյանի աշխատանքը. «Ես ով եմ, գոհ կամ դժգոհ լինեմ, ընդամենը քաղաքացի եմ, ես չեմ կարող նման բան ասել այդ մարդու աշխատանքի վերաբերյալ, 3 տարի նորմալ աշխատել է, ինչի պետք է նման բան ասել»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է իր պաշտոնավարմանը, Մարգար Օհանյանն ասաց, որ ոստիկանության համակարգում ոստիկանապետն է որոշում կայացնում, նման հարց ու խնդիր չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկ է արվել:

Ընդ որում, մեր տեղեկություններով, նա գտնվում է արձակուրդում, անգամ Հայաստանում չէ այս պահին: Արսեն Գալստյանի պաշտոնանկությանը նախորդել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ Ճանապարհային ոստիկանության գծով խորհրդակցությունը, որտեղ քննադատություններ են հնչել ՃՈ աշխատանքից, Վ. Գասպարյանը խիստ է խոսել այդ ոլորտի թերությունների մասին:

Նշենք, որ այդ պաշտոնում արդեն նշանակվել է Արտակ Հարությունյանը, ոը մինչ այդ զբաղեցրել է Վլադիմիր Գասպարյանի խորհդականի պաշտոնը: