NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Asbarez»-ի անգլերեն տարբերակի խմբագիր Արա Խաչատուրյանի՝ այդ պարբերականում հրապարակված հոդվածը:

Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին գտնվող Կոբանեի վրա «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» զինյալների հարձակման մասին լուրը երկուշաբթի առավոտյան հեղեղեց լրատվամիջոցները: Որոշներն ականատեսների պատմություններ էին ներկայացնում այն մասին, որ ԻԼԻՊ-ն արդեն իր դրոշն է տեղադրել լեռնային տեղանքի բարձունքում, իսկ տեղի քուրդ բնակչությունը պայքարում է իր կյանքի համար եւ ԻԼԻՊ-ի զինյալների դեմ:

Իսկ ո՞ւր էր Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակից Թուրքիան, որը խոստացել էր օժանդակել, այսպես կոչված, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերի ջանքերին՝ տապալելու համար «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության»-ը, որին հիմա պարզապես «Իսլամական պետություն» են կոչում:

Կարելի է մեկ բան ասել. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չարախնդում էր, քանի որ նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից տեղեկություն էր ստացել, ով ասել էր ճշմարտությունը՝ բացահայտելով տարածաշրջանում ԻԼԻՊ-ի հարձակումներում Թուրքիայի եւ Էրդողանի դերը:

Հարվարդում զրուցելով մի խումբ ուսանողների հետ՝ Բայդենը քննարկել էր տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարությունն ու քաղաքականությունը եւ ասել, որ Էրդողանն ընդունել է Թուրքիայի սխալներն այն հարցում, որ ընդլայնել է իր սահմանով զինյալների ազատ տեղաշարժի հնարավորությունը: Այդ մեկնաբանությունը վրդովել էր Էրդողանին, ով Բայդենից պահանջել էր ներողություն խնդրել՝ սպառնալով. «Նա (Բայդենը) ինձ համար պատմություն կդառնա, եթե իսկապես նման արտահայտություններ է օգտագործել»:

Երեւում է՝ Էրդողանի հետ Բայդենի բարեկամությունը, որը հայտնի է նաեւ որպես Թուրքիայի առջեւ ԱՄՆ-ի կողմից լիարժեք զիջման եւ հաճոյանալու քաղաքականություն, գերազանցում է այն ճշմարտությունը, որ Թուրքիան, ըստ էության, մեծ դեր է խաղացել ԻԼԻՊ-ին օժանդակություն ցուցաբերելու հարցում եւ թույլ է տվել նրանց մահաբեր բռնությունը տարածել Իրաքում եւ Թուրքիայում:

Օբամայի վարչակազմի՝ Թուրքիային լիարժեք եւ բացարձակ ենթակայությունը շատ լավ փաստագրված է, սակայն Բայդենի ներողությունն ամենաբարձր կետն է, քանի որ նա պարզապես ապացուցեց այն, ինչի մասին բոլորն արդեն գիտեին. Թուրքիան պատասխանատվություն է կրում ԻԼԻՊ-ի ազդեցության մեծացման եւ Մերձավոր Արեւելքում ներկա ճգնաժամի համար:

Բայդենի ներողությունը համարձակություն տվեց Թուրքիային, որպեսզի վերջինը, մի կողմից, ԱՄՆ-ին ավելի շատ նախապայմաններ առաջադրի՝ արշավին մասնակցելու համար, իսկ մյուս կողմից՝ շարունակի աջակել ԻԼԻՊ-ին եւ տարածաշրջանի ծայրահեղական այլ զինյալների: Բայց, որ ավելի կարեւոր է, Բայդենի ներողությունը թուլացրեց ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, միջազգային հանրությունում երկրի դիրքերը, ինչպես նաեւ ամրապնդեց տարածաշրջանում ահաբեկչությունը շարունակելու՝ ԻԼԻՊ-ի վճռականությունը: