Հետաքրքիր հայտարարություն է կատարել այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հանդես գալով դրամական փոխանցումների եւ միգրացիայի տնտեսական ազդեցությունների վերաբերյալ համաժողովի ընթացքում` նախարարն ասել է, որ մասնավոր տրանսֆերտները, թեեւ ունեն ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցություններ, ավելի շատ պետք է դիտարկել որպես մարտահրավեր: Մասնավոր տրանսֆերտների դրական ազդեցությունն այն է, որ լուծում են աղքատության հաղթահարման խնդիրը, իսկ բացասական կողմը, ըստ նախարար Երիցյանի, այն է, որ խոչընդոտում են բնակչության տնտեսական ակտիվությանը:
Արտասահմանից եկող տրանսֆերտները կազմում են ՀՀ ՀՆԱ-ի 12-13 տոկոսը եւ հիմնականում ուղղվում են սպառմանը: Սակայն, ըստ նախարարի` «ճգնաժամի պայմաններում դա անկայուն դրամական հոսք է»:
Ներկայում ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակում է նախագիծ, որով մասնավոր տրանսֆերտները կուղղվեն դեպի ներդրումները: Սակայն Երիցյանը չի մանրամասնել, թե ինչ մեխանիզմներով է դա հնարավոր:
Ըստ պաշտոնական վիճակագրության` հունվար-ապրիլին Հայաստան մուտք են գործել 367 մլն դոլար մասնավոր տրանսֆերտներ, որը 3.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:




























