Դեթրոյթի  (ԱՄՆ) անշարժ գույքի գործակալության կայքում  հայտարարություն է հայտնվել այն մասին, որ տղամարդը պատրաստ է իր երկհարկանի տունը փոխանակել նոր iPhone 6 Plus-ի հետ, գրում է  Lenta.ru-ն:

Երեք ննջասենյակով աղյուսե տունը, ճշտում է աղբյուրը, վաճառքի էր հանվել մի քանի ամիս առաջ՝ 5 հազար դոլարով:

Օգոստոսին դրա գինն ընկել էր 3 հազար դոլարի, սակայն սնանկ ճանաչված քաղաքում տուն գնել ոչ ոք չի ցանկանում: Ամերիկացին էլ որոշել է  այն սմարթֆոնի հետ փոխանակել:

«Հայտարարությունն իրական է: Իմ հաճախորդն արտասահմանում է եւ ինձ է լիազորել իրականացնել գործարքը: Տան դիմաց նա iPhone 6 Plus կամ  iPad  է ուզում՝ 32 գբ հիշողությամբ», - պատմել է գործակալը:

2010թ. տղամարդը տունը գնել էր 41 հազար դոլարով՝ վարձով տալու համար:

Դեթրոյթը սնանկ էր ճանաչվել  2013թ. դեկտեմբերի 3-ին: Քաղաքի պարտքերն այդ ժամանակ գերազանցում էին 18,5 միլիարդը, բյուջեի պակասուրդը կազմում էր 280 մլն դոլար: