Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով քննությունը շարունակվում է, սակայն դեռ ոչինչ բացահայտված չէ: NEWS.am-ի հետ զրույցում սպանված գյուղապետի կինը՝ Լարիսա Մուրադյանը, նշեց, որ արդեն հույս էլ չունեն:

«Բացարձակապես ոչ մի նորություն չկա, ռիսկ չեն անում՝ գործը կասեցնեն, իբր քննությունը շարունակվում է, սակայն հույս չկա, որ երբեւիցե ինչ-որ բան կբացահայտնվի: Չեն ուզում բացահայտել, ուղղակի չեն ուզում, եթե ուզենային, վաղուց մարդասպաններին գտած կլինեին»,- ասաց տիկին Լարիսան:

Նրա խոսքով՝ նույնիսկ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ ապրիլին կայացած հանդիպումը ոչինչ չփոխեց: Կոստանյանը հարազատներին ասել էր, թե «ասեք՝ ով է, գնամ ականջները քաշեմ»:

«Եթե իմանայինք՝ ով է, մենք կասեինք էլի, բայց դե կասկածյալներ կան, մի հոգի չի եղել մարդասպանը»,- ավելացրեց տիկին Լարիսան:

Նշենք, որ այս գործով դեպքին օրեր անց կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որին սակայն 2013թ.-ի վերջին ազատ էին արձակել:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում են, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։