Շորժայում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետեւանքները կվերականգնվեն ամենաուշը մինչեւ այսօր՝ հոկտեմբերի 9-ի առավոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի տեղակալ անվտանգության գծով Լեւոն Հակոբյանը:

Նա նշեց, որ դեպքից անմիջապես հետո իրենց մասնագետներն աշխատում են, հերթով սարքում են բոլոր գծերը եւ 24 ժամվա ընթացքում այդ հատվածում երկաթուղու աշխատանքները կվերականգնվի:

Լեւոն Հակոբյանը պատմեց, որ գնացքի 4 վագոն շրջվել է, իսկ 5-ը գծերից ընկել ու կանգնած է, ՀԵԿ-ի որեւէ աշխատակից չի տուժել, թափված հումքն էլ հավաքել են, կուղարկեն: Վագոններով Սոթքից-Արարաատ վերամշակման նպատակով տեղափոխում էին ոսկու հանքանյութ:

Թե որն էր վթարի պատճառը, տնօրենի տեղակալը նշեց, որ չեն կարող ասել, հանձնաժողովը աշխատում է, չափումներ, հաշվարկներ է իրականացնում, կնշանակվի նաեւ ծառայողական քննություն: Ի դեպ, նմանատիպ մի վթար էլ եղել էր մոտ 1,5 տարի առաջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիսից Շորժա ուղեւորվող բեռնատարը գնացքի Շորժայի կայարանի մերձակայքում վթարվել է: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, թե գնացքի վագոններից 3-ը դուրս են եկել ռելսերից, 8 վագոններ շրջվել են: