Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում հետաքրքրված են Հայաստանից ձգվող մայրուղու երկայնքով հյուրատների կառուցմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր Տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Վարդենիսից դեպի Արցախ կառուցվող այլընտրանքային ճանապարհը բերելու է զբոսաշրջանության զարգացման մի քանի պատճառներով: Նախ՝ այն շուրջ 50 կմ ավելի կարճ է գոյություն ունեցող Գորիսով անցնող ճանապարհից: «Բացի այդ, այն ավելի հարմար է, ավելի քիչ են լեռնանցքերն ու շրջապտույտները, իսկ դա նշանակում է՝ ավելի քիչ ժամանակ է հարկավոր ճանապարհի համար: Հետեւաբար՝ զբոսաշրջիկները մեկ օր չեն կորցնի ճանապարհին»,- հավելեց Շահվերդյանը:

ԼՂՀ հյուսիս-արեւմտյան Քարվաճառի շրջանում, ուր Հայաստանի Գեղարքունիքի մարզից հասնելու է ճանապարհը, վաղուց արդեն քննարկվում է bed&breakfast («մահճակալ եւ նախաճաշ») տիպի հյուրատների կառուցման հարցը: «Որոշ մարդիկ սկսել են հետաքրքրվել դրանով»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Հիշեցնենք, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Հայաստանի սահմանի 16 կիլոմետրանոց հատվածը պետք է ասֆալտապատվի մինչեւ այս տարեվերջ: Իսկ մինչեւ 2015-ի ավարտը պետք է ավարտվել նաեւ Արցախի 100 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները: Ճանապարհը կառուցվում է հայկական երկու պետությունների պետբյուջեի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործական դրամահավաքի միջոցների հաշվին: