Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետեւանքով վնասված տանիքների վերանորոգումն արդեն սկսվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը:
«Բնակիչներին բաժանվում են մետաղական թիթեղներ՝ ազբոշիֆերների փոխարեն: Ըդդհանուր մեզ տրամադրվելու է մոտ 7600 թիթեղ, որից 765-ն արդեն բաժանվել է: Առհասարակ, մարզպետարանն է պատասխանատու, գների մասին ոչինչ չեմ կարող ասել, մեզ համար կարեւորն այն է, որ թիթեղները մարդիկ ստանան»,- ասաց քաղաքապետը:
Ինչ վերաբերվում է կարկուտից վնասված մեքենաներին, ապա դրանց վնասի փոխհատուցման համար ինքը չի դիմել կառավարությանը՝ մտածելով, որ մետաղական թիթեղների հարցն ավելի կարեւոր է:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ժամը 15.30-ի սահմանում մոտ կես ժամ ձվի մեծության կարկուտ է տեղացել:
«Վնասվել են համայնքի գրեթե բոլոր տեսակի ազբոշիֆերները, կարկուտի հատիկները ուղղակի ծակել, անցել են շիֆերների միջով, ապակիներ են կոտրվել, վնասվել են մեքենաներ. մի խոսքով, ինչի կարողացել ա, կարկուտը վնաս ա հասցրել, անհավանական մեծության էր հասնում, տենց բան չէինք տեսել»,- ասել է նա:




























