Հայաստանի ինքնիշխանությունը հոկտեմբերի 10-ին Մինսկում պատանդ թողնվեց մի կասկածելի կառույցի: Այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրմանը:
«Այդ ակումբի ղեկավարներից ոչ մեկը բարյացակամ չէ, հոգատար չէ Հայաստանի շահերի նկատմամբ` սկսած Ռուսաստանից, էլ չխոսեմ Ղազախստանի եւ Բելառուսի մասին, որոնց համար Ադրբեջանն ավելի բարեկամ է, քան մենք: Առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչպես է Ադրբեջանը մտնում Եվրասիական տնտեսական միություն` ստանալով Ղարաբաղը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Վերլուծաբանը համոզված է, որ հոկտեմբերի 10-ը մնալու է խայտառակ էջ մեր պետականության մեջ:
«Սա նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունները, նախկին նախագահներ կարող են առանց աչքը թարթելու Հայաստանը տալ ստրկության, վերջ տալ անկախությանը, մի բան, որն անգին է եւ որին մենք մեծ դժվարությամբ ենք հասել»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:




























