Գոյություն ունեն փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Թուրքիան պատրաստ է ներխուժել Սիրիա եւ, առաջին հերթին, Սիրիայի հյուսիսային հատվածում անվտանգության գոտի ստեղծել, եւ երկրորդ՝ իր ազդեցության գոտին հաստատել: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե որքանով է հավանական Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիսային հատված՝ այդ նպատակի համար օգտագործելով «Իսլամական պետության»-ը:

Գեւորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ Թուրքիան միշտ հավակնություններ է ունեցել ոչ միայն Սիրիայի, այլեւ Իրաքի նկատմամբ, օրինակ՝ Մոսուլ քաղաքի, որը ներկայում «Իսլամական պետության» վերահսկողության տակ է: «Բայց պետք չէ ասել, որ դրա համար Թուրքիան կօգտագործի «Իսլամական պետության»-ը, քանի որ չի կարելի հստակ ասել, որ «Իսլամական պետություն»-ը Թուրքիայի ծրագիրն է կամ գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո: Անկարան պարզապես կարող է օգտվել ԻՊ-ի գործողությունների շնորհիվ ստեղծված իրավիճակից»,- նշեց թուրքագետը:

Նրա խոսքով՝ քննարկվում էր, որ եթե Սիրիայի տարածքում Սուլեյման շահի գերեզմանը հարձակման ենթարկվի, Թուրքիան անհապաղ զորքեր կմտցնի Սիրիա, իսկ հարձակվողը պետք է «Իսլամական պետություն» խմբավորումը լիներ: «Ամեն դեպքում, պնդումները, թե ԻՊ-ն Թուրքիայի վերահսկողության ներքո է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը: