Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցում ամենակարեւորը Հայաստանի անվտանգությունն է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ կարեւոր է նաեւ երկրի տնտեսական իրավիճակը բարելավելու խնդիրը:
Նա նշեց, որ այս օրերին Հայաստանում անցնում են Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը, որոնց շրջանակներում նրանք պատրաստվում են քննարկումներ անցկացնել եւ հասկանալ՝ ինչ կարող են անել, որպեսզի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը տեղի ունենա առանց որեւէ խնդրի:
Անդրադառնալով հարցին՝ Արա Աբրահամյանի՝ խոշոր գործարարի կարծիքով, ինչպե՞ս դա կարող է արտացոլվել հայկական բիզնեսի ներկայացուցիչների գործունեության վրա՝ վերջինս պատասխանեց. «Ես Հայաստանում բիզնես չունեմ: Սակայն հայ գործարարները, ովքեր աշխատում եւ ապրանքներ են արտահանում Ռուսաստան, պետք է ավելացնեն արտահանման ծավալները եւ մեր կառավարությունը պետք է ամեն հնարավոր բան անի, որպեսզի ձեռնարկատերերը ավելի շատ արտահանեն»: Ռուսաստանի հայերի միության ղեկավարի համոզմամբ, աշխարհում չկա այնպիսի երկիր, որ միջազգային պայմանագիր ստորագրելուց հետո կախված չլինի այլ երկրից: «Սակայն մեր անվտանգության համար ոչ մի սպառնալիք չկա, որոշ հարցերի շուրջ կան միայն որոշակի սահմանափակումներ, եւ դրանք տնտեսական բնույթ են կրում: Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որպեսզի Լեռնային Ղարաբաղին վտանգ սպառնա կամ սահմանների հարցում խնդիրներ ծագեն: Ավելին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացումը կօգնի Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացմանը»:
Նա նաեւ հավելեց, որ կային նաեւ մարդիկ, ովքեր ցանկանում էին, որպեսզի Հայաստանը միանար Եվրամիությանը, սակայն եթե համեմատենք ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի առաջարկությունները, Հայաստանի համար ձեռնտու է վերջինի առաջարկությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում:




























