ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր` հունիսի 25-ին ընդունել է Քուվեյթի ‎ֆինանսների նախարար Մուստա‎ֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, Հ. Աբրահամյանը ողջունել է «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության» համաձայնագրի ստորագրումը, որը կխթանի քուվեյթյան կապիտալի մուտքը եւ բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների գործարարների համար տնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու առումով: Այս համատեքստում նա կարեւորել է բիզնես ‎ֆորումների անցկացումը, գործարարների շփումները, համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ պատվիրակությունների փոխայցերը:

Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր:

Պարոն Մուստա‎ֆա Ջասեմ ալ-Շամալին նշել է, որ Քուվեյթը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին, ղարաբաղյան հիմնախնդրին` համոզմունք հայտնելով , որ 21-րդ դարում հակամարտությունների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի եւ ուժի կիրառումը ու ռազմատենչ հայտարարությունները չեն կարող նպաստել  հիմնախնդիրների լուծմանը: