Հունիսի 26-ին Երեւանում` ՀՀ կառավարության շենքում, կկայանա Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը կբացվի ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա հանդես կգա ելույթով, այնուհետեւ կքննարկվեն առկա միջազգային տնտեսական միտումները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի լրատվական ծառայությունից, օրակարգում է մրցունակության հիմնադրամի զեկույցը զբոսաշրջության, առողջապահության եւ ցանցերի հասանելիության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Անդրադարձ կարվի Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի հիմնման, զբոսաշրջային նոր արդյունքի մշակման ու առաջխաղացման եւ այլ ընթացիկ հարցերին:
Նիստին կներկայացվի յուրաքանչյուր ծրագրային ոլորտի համար ղեկավարող խորհուրդների ստեղծման նախաձեռնությունը, ինչպես նաեւ մրցունակության հիմնադրամի այս տարվա համար նախատեսվող լրարշավը մի շարք երկրներում:
Քննարկումներին նաեւ կմասնակցեն նիստին հրավիրված Հայաստանի գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը, ՄքՔինզի ընկերության Մյունխենի գրասենյակի խորհրդատու Ռեյնհարդ Վիհելսը, կանադահայ գործարար Լեւոն Աֆեյանը եւ ռուսաստանյան «Մեդիակրատ» ընկերության ղեկավարող գործընկեր Արման Ջիլավյանը:
Նիստը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք մոտենալ ՀՀ կառավարության շենքին շաբաթ օրը` հունիսի 26-ին, ժամը 13:30-ին: Խնդրում ենք նախապատվություն տալ կառավարությունում հավատարմագրված լրագրողներին:


























