Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում տեղի ունեցած փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժնից հայտնում են, թե Արա Հարությունյանը ողջունել է փառատոնի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարեւոր նախաձեռնություն թե՛ մշակութային դաստիարակության, թե՛ ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման եւ թե՛ մայրաքաղաքի գրավչության բարձրացման գործում: Վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցել Արցախում նմանատիպ փառատոնների կազմակերպմանը՝ որպես քաղաքային մշակույթի նոր տարր:

Փողոցային արվեստի «հավերժություն» փառատոնը հոկտեմբերի 11-13-ը կազմակերպվել է «Արցախակերտում» հասարակական կազմակերպության կողմից՝ ԼՂՀ վարչապետի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Երեւանի «Օսամ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այն նվիրված էր հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, որի շրջանակներում Երեւանի եւ Արցախի մի շարք նկարիչներ նկարազարդել են Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի պատերը: Մեծ եղեռնի ժամանակ նահատակված արեւմտահայ հինգ գրողների եւ Կոմիտասի դիմանկարներից բացի, շենքերից մեկի վրա մասնակիցները նկարել են մասշտաբային նռենի՝ որպես ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խորհրդանիշ: