G7-ի գագաթաժողովն անցկացվելու է 2015 թվականի հունիսի 7-8ը, Գերմանիայում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Նշենք, որ 2014թ. հուլիսի 1-ին «Մեծ յոթնյակի» նախագահությունն անցել է Գերմանիային:
«Մեծ ութնյակ»-ը «յոթնյակի» վերածվեց այն բանից հետո, երբ G7-ի երկրները որոշեցին իրենց ղեկավարներին չուղարկեն Սոչիում անցկացված զարգացած երկրների ոչ պաշտոնական ակումբի գագաթաժողովին եւ առանց Ռուսաստանի հավաքվեցին Բրյուսելում: Նման որոշում ընդունվեց Ղրիմի իրադարձությունների ֆոնին:
«G7-ի անդամ այլ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի առաջնորդների հետ միասին կանցլերը որոշել է, որ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը կանցկացվի հունիսի 7-ին եւ 8-ին, Էլմաու ամրոցում»,- նշվում է Զայբերտի հայտարարությունում:
Էլմաու ամրոցը գտնվում է ավստրիական սահմանից մեկուկես ժամ հեռավորությամբ, բավարական Ալպերում: 1916 թվականին այն կառուցել է գիտնական Յոհան Մյուլլերը: 2005-ին այն այրվել է, սակայն 2007 թվականին Մյուլլերի թոռը վերականգնել եւ ընդլայնել է այն: Այժմ ամրոցում հինգաստղանի հյուրանոց է:





























