Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ համաձայն հավելվածի:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարին հանձնարարել է նշված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների եւ ընթացակարգերի պահպանմամբ ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
Հիշեցնենք, որ մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Շուրայի Հարությունյանը, փաստաբան Արայիկ Գառնիկի Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:




























