Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի հեռացումն ուկրաինական ճգնաժամը թուլացնելուն ուղղված քայլ է, սակայն չի հանգեցնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացմանը: Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Ըստ Reuters-ի, Զայբերտն ասել է, որ եթե սահմանից ռուսական զորքերի հեռացումն իսկապես տեղի ունենա, սա ճգնաժամի սրացումը թուլացնելուն ուղղված քայլ կլինի: «Բայց, ցավոք, փորձը ցույց է տվել, որ կարեւոր միջազգային հանդիպումներից առաջ եղել են դեպքեր, երբ Ռուսաստանը հանդես է եկել հայտարարություններով, որոնք չեն իրականացվել կամ մասամբ են իրականացվել»,- նշել է գերմանական կառավարության ներկայացուցիչը: Շտեֆեն Զայբերտը հավելել է, որ Ռուսաստանը դեռեւս պետք է քայլեր կատարի Ուկրաինայում հակամարտության դադարեցման ուղղությամբ, եւ Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցները վերանայելու հիմքեր չկան:
Նշենք, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն պետք է հանդիպեն Միլանում հոկտեմբերի 16-17-ը կայանալիք ասիական եւ եվրոպական առաջնորդների գագաթաժողովի շրջանակում: Նրանք նաեւ բանակցություններ են վարելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:





























