Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեկ միասնական տնտեսական միավոր են, իսկ Նազարբաեւի հայտարարություններն էլ ոչ մի պայմանագրում արձանագրված են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Նազարբաեւի հայտարարությունը, թե ԵՏՄ-ին միանալիս Հայաստանը փոխզիջումների է գնացել:
«Բանակցությունների ընթացքում, երբ որ Նազարբաեւը բարձրացրեց Հայաստանի սահմանների հարցը եւ արդյոք Ղարաբաղը Հայաստանի մաս կազմում է, թե ոչ, նման բանավոր մտքերը որեւէ բանակցության ընթացքում, որեւէ պայմանագրով չեն արձանագրվել: Սա պետք է նկատի ունենալ, Նազարբաեւի բանավոր հայտարարություններն ընդունվել են ի գիտություն եւ ընդամենը դա: ԼՂՀ-ն անկախ, ազատ, ինքնիշխան պետություն է, որը ընդամենը միջազգային հանրության կողմից չի ճանաչվել: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցն էլ կլուծվի: ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս չի կազմում եւ չի կարող կազմել: ԼՂՀ եւ ՀՀ-ն մեկ տնտեսական միավոր են եւ չեն կարող առանձին լինել: Այս առումով պետք է նշեմ նորից, որ Նազարբաեւի հայտարարությունը բանավոր պետք է ընդունել»,- ասաց նա:
Գագիկ Մելիքյանը համոզված է, որ բանավոր հայտարարություններն ու պայմանավորվածությունները չեն կարող առիթ լինել` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ տեղադրելու համար:
Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում:





























