ԼՂՀ կառավարությունը սուբսիդավորելու է էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Այս մասին որոշում է կայացվել այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում:
Արտադրական ենթակառուցվածքների նախարարության առաջարկով՝ կառավարությունը փոփոխություն է կատարել ընթացիկ տարվա փետրվարի 11-ի ընդունած «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը հաստատելու մասին» N 57 որոշման մեջ:
Ներկայացնելով փոփոխության անհրաժեշտությունը՝ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ այն պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 10-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի նոր սակագներով:
Որոշմամբ ավելացվել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի որոշ մասի սուբսիդավորման չափը 3.55 դրամով՝ այն հասցնելով համապատասխանաբար ցերեկային սակագների համար 16.85 դրամի, իսկ գիշերային սակագների համար՝ 11.85 դրամի: Ըստ այդմ, բնակչության կողմից ցերեկային եւ գիշերային ժամերին սպառվող էլեկտրաէներգիայի համար գործելու է 25 դրամ սակագինը:



























