Արտյոմ Կարապետյանի («Շեկո») սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված` Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դատավճիռն օրինական է եւ պետք է մնա անփոփոխ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց մեղադրող Արմեն Շիրոյանը:
Դատախազը դատարանից պահանջեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը` անհիմն համարելով պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը, ըստ որի, Վահե Ղուկասյանի նկատմամբ մեղադրական դատավճիռն անարդարացի է, եւ այն կայացնելիս դատարանը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ:
Ըստ մեղադրողի` առաջին ատյանի դատարանը վճիռը կայացնելիս հաշվի է առել կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը, Վահե Ղուկասյանի մասնակցությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը:
«Դատարանը դատավճիռ կայացրել է ոչ թե ենթադրությունների, այլ դատաքննության ընթացքում հետազոտված, հավաստի ապացույցների հիման վրա: Կայացվել է օրինական եւ հիմնավոր ակտ: Դատավարությունն ամբողջությամբ պատճառաբանված է եւ հիմնավոր, ուստի ամբաստանյալ Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը հիմնավորված չէ եւ ենթակա է մերժման», - ասաց մեղադրող Արմեն Շիրոյանը:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 6-ին:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:




























