Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցիները հանցագործներ են եւ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանում Ֆրանսիական համալսարան կատարած հերթական այցի ժամանակ նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ) եւ պահանջել քայլեր ձեռնարկել, որպեսզի վերադարձնի ԼՂՀ-ում գտնվողն ադրբեջանցիներին:

Նախարարի խոսքով՝ այդ հարցը գտնվում է ԼՂՀ իրավասության տակ: «Սակայն, որքան ես գիտեմ, այդ մարդիկ հանցագործներ են եւ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքի համար»,- ընդգծել է Օհանյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական դիներսիոն հետախուզական խումբը վնասազերծվել էր ԼՂՀ Քարվաճառի շրջանում: Խմբի երկու անդամները՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասքերովը, կալանավորվել են, նրանց ԼՂՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: Խմբի երրորդ անդամը ոչնչացվել է գործողության ժամանաակ: