«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրելը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Սերժ Սարգսյանն իրավասություններ եւ լիազորություններ չուներ, որ գնար Մինսկ եւ այդպիսի պայմանագիր ստորագրեր: Դատապարտում ենք եւ ԵՏՄ-ին անդամակցելը համարում ենք` որպես մեր ինքնիշխանության եւ անկախության կորուստ: Սակայն սա անշրջելի փաստ չէ: Սա ժամանակավոր երեւույթ է, որի մեջ մեզ գցել է Սերժ Սարգսյանը: Ավանտյուրայի տիրույթում գտնվող ստորագրություն է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» ոչ իշխանական եռյակի անդամ է, իսկ նույն եռյակի մեկ այլ անդամ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ին դեմ հանդես եկողներին անվանել էր «ջոր պղտորողներ» եւ «ջղաձգվողներ»:




























