Հոկտեմբերի 14-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Միրոսլավ Ռանսդորֆի հետ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից հայտնում են, որ Արտակ Զաքարյանը հատկապես կարեւորել է հայ-չեխական գործարար համագործակցությունը աղբի վերամշակման եւ արեւային էներգիայի ոլորտներում։ Այս համատեքստում Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ոլորտում առկա զարգացումները։
Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած փոփոխություններին, կարեւորել անդամ-պետություններից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելը։
Միրոսլավ Ռանսդորֆը հետաքրքրվել է նաեւ ԵՄ եւ ԵՏՄ ուղղություններով համագործակցելու Հայաստանի որոշմամբ, ինչին ի պատասխան Արտակ Զաքարյանը նշել է, որ ընդունված որոշումը Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում լավագույնն է, ինչը նաեւ թույլ է տալիս խուսափել Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելուց:
Անդրադարձ է կատարվել նաեւ 2015թ. մարտի 16-20-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթ»-ի նստաշրջանին։
Պարոն Ռանսդորֆի խնդրանքով Արտակ Զաքարյանը նաեւ ներկայացրել է Հայաստանում ԵՄ-ի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը։




























