Տնտեսական առումով կարճաժամկետ կտրվածքով միգուցե ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը ճիշտ էր, սակայն երկարաժամկետ առումով ԵՄ-ն Հայաստանի համար ավելի ձեռնտու կլիներ։ Այս մասին, հոկտեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության եւ Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Գուննար Հոկմարկը:

Նա հավելել է նաեւ, որ հատկապես այս համատեքստում կարեւոր է, որպեսզի Հայաստանը շահագրգռվածություն ցուցաբերի ԵՄ-ի հետ հետագա համագործակցության տեսանկյունից։

Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նոր նախագահի ընտրությանը, նշել է, որ հավասարակշռված մոտեցում ապահովելու նպատակով տեղին կլինի, եթե ազգությամբ պակիստանցի, Բրիտանիայի քաղաքացի Քարիմ Սայադի թեկնածության փոխարեն առաջ քաշվի մեկ այլ թեկնածություն, որին ի պատասխան Գուննար Հոկմարկը պատասխանել է, որ այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելը իրատեսական չի համարում։

Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը Գուննար Հոկմարկին հրավիրել է Հայաստան՝ ներկա գտնվելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին։