Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ կատարելու համար մեղադրվող, այսպես կոչված «Բանդայի» գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանի փաստաբան Կարեն Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց անցկացնել կրկնակի հանձնաժողովային մատնադրոշմային եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն։
«Հարգելի դատարան, հարցաքննված փորձագետը չկարողացավ սպառիչ պատասխանել, թե ինչ սարքերով են վերցվել մատնահետքերը, ինչպես եւ ինքնաձիգի որ մասից են հայտնաբերվել հետքերը»,-ասաց Կարեն Հակոբյանը՝ հիմնավորելով իր միջնորդությունը։
Կարեն Հակոբյանը նաեւ նշեց, որ փորձագիտական եզրակացությունը տրվել է փորձաքննության անցկացման դատավարական կանոնների խախտմամբ։
«Օրինակ, Արտուշ Հակոբյանը պնդում է, որ սկզբնական հարցաքննությունների ժամանակ իրեն շշով ջուր են տվել, այնուհետեւ այդ շիշը վերցրել են ձեռքից՝ չթողնելով, որ ջուր խմի։ Հիմա մենք կասկածում ենք, որ մատնահետք վերցնելու նպատակով է դա արվել, եւ այս կասկածը կարող է փարատվել կրկնակի փորձաքննությամբ»,- ասաց Կարեն Հակոբյանը։
Միջնորդությանը միացան նաեւ մյուս մեղադրյալներն ու նրանց պաշտպանները։
«Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանն էլ ասաց, որ իրեղեն ապացույցների զննության, փաթեթավորման, բացելու եւ մնացած գործընթացները խախտումներով են արվել, իսկ դատարան հրավիրված փորձագետ Արտակ Մինասյանը չի կարողացել հիմնավորել, որ մատնահետքերը վերցվել են զենքի, այլ ոչ թե այլ առարկայի վրայից։
Մեղադրողն առարկեց միջնորդությանը՝ ասելով, որ պաշտպանը բավարար հիմքեր չներկայացրեց կրկնակի փորձաքննություն անցկացնելու համար, եւ դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։




























