«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր  իրավասության դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում:

«Ես ինձ մեղավոր եմ համարում, զղջում եմ կատարածիս համար»,- իր վերջին խոսքում ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն էլ  հայտարարեց,, որ իրենց պայքարը եղել է հանուն արժեքների, որոնք ոտնահարվում են իշխանությունների կողմից:

«Եթե մինչեւ հոկտեմբերի 10-ը մտածում էի՝ բոլոր հրամանները Բաղրամյան 26-ից են գալու, հիմա մտածում եմ՝ Կրեմլից են գալու: Հիմա Ռուսատանն ամբողջությամբ կօկուպացնի Հայաստանը: Իշխող էլիտան  էլ օգնում է այս ամենին: Ժամանակին Օսմանյան կայսրության դեմ էինք պայքարում, հիմա Հայաստանի իշխանությունների ու Ռուսաստանի դեմ պիտի պայքարենք: Ռուսաստանի կողմից մեր երկրի գաղութացման նպատակը կարելի է ինչ-որ տեղ հասկանալ. օտար երկիր է, բայց դրան աջակցողներին անհնար է հասկանալ: Իրենք իրենց հոգին ծախում են, ժողովրդին մատնում ստրկության»,- ասաց Ավետիս Ավետիսյանը՝ նշելով, որ պետք է պայքարել այդ երեւույթի դեմ:

Ամբաստանյալ Հայկ Հարությունյանն իր ճառում նշեց, որ իրեն մեղադրում են չկատարած արարքների մեջ: «Ասեմ, որ կյանքում գետնին ընկած մարդուն չեմ խփում: Մեզ դատում են ազատամտության համար: Վարդան Վարդանյանի շնորհակալագրերը, պատվոգրերը հաշվի առան եւ առեւտրական զեղչեր արեցին՝ կես տարվա սկիդկա»,-ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալ Հայկ Հարությունյանն էլ իր ճառում ներողություն խնդրեց հանրությունից:

«Կներեք, որ հայ ազգից շատերն իրենց ապագան չեն տեսնում իրենց ազգում: Դիմում եմ բոլոր հայերին՝ մեր ազգը չի կարող գոյատեւել բռնատիրության պայմաններում: Մենք էսօր գտնվում ենք ստրկատիրական վիճակում: Մարդու մեծագույն նվերն ազատությունն է, հնարավոր է՝ այս կալանքը մեզ համար ավելի շատ ազատություն լինի, քան նման երկրում ապրելը»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ դատարանից անկողմնակալ որոշում չի ակնկալում:

Հիշեցնենք, որ դատախազը միջնորդել է դատապարտել Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամսվա, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամսվա, Հայկ Հարությունյանին՝ 6 տարվա ազատազրկման:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։