ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցելության առաջին կանգառը Սպիտակ քաղաքում գտնվող  «Վարպետաց թաղամասն» էր, որտեղ նախարարը ծանոթացավ  սոցիալական բնակարանների պայմաններին, խոսեց բնակիչների հետ, արձանագրված խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Մարզկենտրոն Վանաձորում  նախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին հանդիպել է սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուներին: Հանդիպման  ընթացքում  նախարարն ընդգծել է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման  եւ հզորացման անհրաժեշտությունը, ներկայացրեց երեխաների պաշտպանության ոլորտում  իրականացվող բարեփոխումները՝ կարեւորելով երեխայի խնամքի կազմակերպման սկզբունքը:  Սոցիալական պաշտպանության առումով նախարարը կարեւորել է  մի քանի  ուղղություններ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ զբաղվածության  ոլորտում իրականացվող քաղաքականության բարեփոխումները, զարգացման ակտիվ ծրագրերի արդյունավետությունը եւ ծրագրերի հետ կապված խնդիրները: Մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ զարգացման ակտիվ ծրագրերի լայն իրազեկման եւ խնդիրների վերհանման հետ կապված առաջարկեց Զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների հետ առաջիկա մարզխորհրդի նիստում քննարկում կազմակերպել:

Այցի շրջանակներում Վանաձորի  Ճգնաժամային կառավարման կենտրոնում  անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովի նիստ, որտեղ նախարարն  անդրադարձավ մարզում իրականացվող ոլորտային ծրագրերին:  Նիստի ավարտին նախարարը անկոտրում ոգու եւ կամային բարձր հատկանիշների համար  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեդալով  պարգեւատրեց խուլ ու համրերի ըմբշամարտի հունա-հռոմեական ոճում երիտասարդների աշխարհի չեմպիոն Սարկիս Ավետիսյանին:

Նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակության վերջին 2 կանգառները Վանաձորի մանկատունն ու Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության  թիվ 1 գիշերօթիկ հաստատությունն էր: Վանաձորի մանկատան տնօրենը  նախարարին ներկայացրեց մանկատան պայմանները,  մանկատան տարածքում գործող  կարի եւ  մեքենաների վերանորոգման արհեստանոցները, որտեղ  երեխաները հաճախում  եւ ձեռք են  բերում հմտություններ:  

Մանկատանը կազմակերպվել էր նաեւ փոքրիկ  համերգ, որի ընթացքում  մանկատան երեխաները ներկայացրեցին  ազգային, դասական եւ արտասահմանյան պարեր՝ մեծ ոգեւորություն պարգեւելով նախարարին եւ ներկա հյուրերին: Իսկ թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում  պատվիրակությանը դիմավորեցին հաստատության հիմնով, որը գրել եւ երգում էին հաստատությունում  ժամանակավոր խնամք ստացող երեխաները:  Այստեղ նախարարը  ծանոթացավ շենքային պայմաններին, շփվեց երեխաների հետ: