Էբոլա տենդի համաճարակի պատճառով կակաոյի հատիկների գինն արդեն աճել է 18,5%-ով, հայտնում է «The Daily Mail»-ը: Վերլուծաբանները վախենում են, որ սա դեռ վերջը չէ:
Գնաճի հիմնական գործոնը փորձագետները համարում են վախի գործոնը: Արտադրողները լրջորեն անհանգստացած են, որ վարակը Գվինեայից եւ Լիբերիայից կարող է ներթափանցել հարեւան Կոտ դ՛Իվուար եւ Գանա: Հենց այս երկրներում է արտադրվում կակաոյի հատիկների 60% -ը:
Չնայած այս երկրներում մինչ այժմ Էբոլայով հիվանդանալու ոչ մի դեպք չի գրանցվել, Կոտ դ'Իվուարի բնակչության շրջանում աճող խուճապն իշխանություններին ստիպել է փակել Գվինեայի եւ Լիբերիայի հետ սահմանները, հայտնում է FOX NEWS հեռուստաալիքը:
Կակաոյի համաշխարհային հիմնադրամն արդեն դիմել է 113 արտադրող ընկերությունների՝ տարածվող համաճարակի դեմ պայքարելու համար միջոցներ տրամադրելու խնդրանքով: «Nestle»-ն, «Mars»-ը եւ «Hershey»-ն, որոնց ցանքատարածությունները Կոտ դ'Իվուարում են, արդեն միացել են պայքարին:
2014 թ. Կոտ դ’Իվուարը ծրագրում է կակաոյի ռեկորդային բերքահավաք կատարել: Եթե համաճարակը երկիր ներթափանցի, բերքի մեծ մասը կորսվելու վտանգի առաջ է կանգնած:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Էբոլայի համաճարակից վախճանվել է շուրջ 4000 մարդ՝ 9000 վարակվածներից: Ամենաշատ մահվան ելքեր գրանցվել են Լիբերիայում, Գվինեայում եւ Սիերա-Լեոնեում:




























