«Բանդայի գործով» ամբաստանյալ Սամվել Դավթյանի ինքնազգացողությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վատացել է, նրա համար «Շտապօգնություն» են կանչել։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստի ընթացքում ամբաստանյալը նստած էր՝ գլուխն ափերի մեջ առած, սակայն դատարանում ոչինչ չի ասել։ «Շտապօգնության» ծառայությունը ժամանել է, երբ դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո «Շտապօգնության» մեքենան հեռացել է։ Քանի որ Սամվել Դավթյանը գլխացավի պատճառով ի վիճակի չի եղել շարունակել նիստը, դատավորը որոշել է հետաձգել նիստը։
Սամվել Դավթյանի փաստաբան Կարեն Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի մոտ գլխացավերն առաջացել են նախաքննության ընթացքում նրա նկատմամբ գործադրված բռնությունների հետեւանքով։
Նշենք, որ այսօր դատավորը մերժել է Սամվել Դավթյանի փաստաբան Կարեն Հակոբյանի միջնորդությունը՝ կրկնակի հանձնաժողովային մատնադրոշմային եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։




























