2015թ. Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը երկրի զինված ուժերում 7,5 հազար աշխատատեղ կկրճատի, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կրճատումները կիրականացվեն անցած ձմեռ խորհրդարանի կողմից ընդունված 2014-2019թթ. ռազմական ծրագրի մասին օրենքի շրջանակներում:
«Օրենքում մեր զինված ուժերի համար հավակնոտ ծրագիր է մշակվել, որը նրանց թույլ կտա պատասխանել երկրի առջեւ կանգնած սպառնալիքներին», - ընդգծել է նախարարը:
Հաջորդ տարի ծրագրվող ելակետային միջոցառումների թվում է Շալոն-ան-Շամպան քաղաքի 1-ին հրետանային գնդի կազմալուծումը, նավատորմի կազմից 5 նավերի դուրսբերումը, ինչպես նաեւ երկրի հարավում ռազմածովային ուժերի բազայի, Ստրասբուրգի ռազմածովային հրամանատարության եւ փարիզյան Բալար շրջանի ավիաբազայի փակումը:




























