«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանը համարում է, որ իրենք դատապարտվում են Մաշտոցի պողոտան սխալ վայրից հատելով հասարակական կարգը խախտելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր  իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալը:

 «Հասարականան կարգ ենք խախտել, լավ ենք արել: Թող հասարակությունը գա, թքի երեսիս:  Թե չէ երկու «Վովայի վկա» եկել կանգնել նայում են երեսիս: Ես իմ վեց տարվա տերն եմ, կնստեմ: Հասարակական կարգը խախտելը ի՞նչ ա նշանակում:  Որ դուրս եմ եկել պողոտա, ես չեմ իմացել, որ վեց տարի են տալիս պողոտան սխալ տեղից անցնելու համար: Առաջին անգամ չէր, որ սխալ տեղից էի անցնում պողոտան: Սկզբում ուրիշ մեղադրանք էր, քննության ավարտից չորս օր առաջ դառա խուլիգան: Ցնցված եմ, մինչեւ հիմա ցնցումից դուրս չեմ գալիս»,-ասաց Վարդան Վարդանյանը՝ նշելով որ Հայաստանում արդարադատություն չկա, այստեղ արդարադատությունը միայն արդարներին դատելու համար է:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ ամբաստանյալը նշեց, որ ինչ տեսակի էլ լինի Սահմանադրությունը, այն մեր երկրում չի կարող գործել: 

«Եթե մեկը մեքենա ունի, վատն է, փոխում է՝ հասկանում եմ, եթե նա քշել չգիտի, փոխում ա ի՞նչ անի: Եղած Սահմանդրությունը չի գործում, ամենալավ Սահմադրությունն էլ մեր երկրում չի գործում, որովհետեւ չկա էն մարդը, որոը կպաշտպանի էդ Սահմանադրությունը: Ձեռքը դնում, սուտ երդումա տալիս , թքած ունի էդ սահամդրության վրա: Էնքան թքած ունի, որ կագնում ասում ա՝ հանցագործ են էդ մարդիկ: Թող գա կանգնի երեսիս ասի՝ հանցագործ ես: Ես Սուրեն Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ ինձ պաշտոն տան: Հիմա որ դատվեմ պրծնեմ, կարող ա ինձ պաշտոն էլ տան, էդ պարտադիր պայման ա»,-ասաց  Վարդան Վարդանյանը:

Ըստ Վարդան Վարդանյանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով Հայաստանը կորցնում է իր անկախությունը:

«Առանց էդ միության մեջ մտնելու էլ էս երկիրը ծախած էր Ռուսատանին: Հիմա որ ինձ դատում են, Ռուսատան են ուղարկելու: Հիմա ես ուզում եմ իմանամ՝ ինձ մաքսազերծելու են, թե առանց մաքսազերծելու են տանելու»,-ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալը դիմեց նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ զարմանում է, թե ինչպես է նա ցանկանում Երեւանում տեղադրել Գարեգին Նժդեհին սպանողի արձանը:

«Հանրապետական կոսակցությունը ազգայնական է եղել, նժդեհական, ու չի կարա էդ կուսակցության մեջ եղած մարդը նժդեհի սպանության մեջ անմիջական մասնակացություն ունեցող մարդու արձանը դնել Երեւանում»,-ասաց ամբաստանյալը:

Նշենք, որ դատախազը միջնորդել է Վարդան Վարդանյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։