Կառավարության ամենաչարչրկված թեմաներից է տուրիզմի զարգացումը: 2000 թվականից հայեցակարգ են մշակում, քայլեր ձեռնարկում այն զարգացնելու ուղղությամբ, վերջերս էլ հայտարարվեց զբոսաշրջության երրորդ կենտրոնը՝ ծաղկաձորյան ու ջերմուկյան հանգստի գոտիններին ավելացավ երրորդը՝ Տաթեւը, սակայն ՀՀ քաղաքացիների հիմնական մասի համար դեռեւս անմատչելի են եւ հայաստանյան եւ արտասահմանյան հանգստի գոտիները: Զբոսաշրջության հայաստանյան ծրագրերի, մակարդակի եւ այլն հարցերի վերաբերյալ է մեր զրույցը Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ:
Պարոն Ապրեսյան, 2000 թվականից տուրիզմի զարգացման քաղաքականություն եք վարում, հիմա ո՞ր փուլում ենք, ի՞նչ արդյունք ունենք:
Վիճակագրական տվյալները ասում են, որ 2000-ից մինչեւ 2008- թ-ը զբոսաշրջիկների քանակը 12 անգամ ավելացել է, 2000 թ-ին 45 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, իսկ 2008-ին 558 հազար: 2001 թվականը բեկումնային է եղել, 2000-ի նկատմամբ, երեք անգամ ավելացել է զբոսաշրջիկների քանակը` 127 հազար, որը պայմանավորված էր քրիստոնեության ընդունման 1700 ամյակով: Իսկ միջին տարեկան աճը կազմել է 20-21 տոկոս: Սա բավականին լավ ցուցանիշ է:
Բոլո՞ր երկրներին է անհրաժեշտ տուրիզմի զարգացումը:
Բոլոր երկրներում, բոլոր վայրերում տուրիզմի զարգացումը պարտադիր չէ, շատ դեպքերում նույնիսկ անհնար է: Ի՞նչ է դա նշանակում: Այսինքն՝ երկրներ կան, որոնք իրականում վարում են իրենց տնտեսական քաղաքականությունը, որի մեջ զբոսաշրջությունը կարող է տեղ չգտնել, որովհետեւ դա ինքնանպատակ չէ: Զբոսաշրջությունը չեն զարգացնում, որ ասեն մեզ մոտ զարգացած է: Բոլոր երկրներում, որտեղ որ զբոսաշրջության զարգացումը համարվել է գերակա ուղղություն, ինչպես նաեւ մեր երկրում, նպատակը ազգային տնտեսության մեջ զբոսաշրջության զարգացման միջոցով երկրում կենսամակարդակը բարձրացնելն է: Աղքատության հաղթահարմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը նպաստելն է: Ինչ վերաբերվում է զբոսաշրջության զարգացման չափանիշներին, ապա այն կախված է նպատակից: Չափման միավորներից մեկը զբոսաշրջիկների աճի թվով է պայմանավորված: Ի՞նչ պետք է անենք, որ մեզ մոտ զբոսաշրջությունը զարգանա: Պետք է բարելավել տրանսպորտային համակարգը, մուտքի-ելքի մատչելիությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Բարելավել եւ զարգացնել ենթակառուցվածքները՝ սկսած հաղորդակցության միջոցներից, հասարակական, սննդի եւ այլն օբյեկտներից: Բարձրացնել ծառայությունների որակը, զարգացնել մարդկային ռեսուրսները, կադրեր պատրաստել, ապահովել անվտանգությունը, ինչը մեզ մոտ բավականին լուծված է:
Նշեցիք, որ կան երկրներ, որոնք միտված չեն զբոսաշջությունը զարգացնելուն, կնշե՞ք մի քանիսը:
Հնարավոր են այդպիսի երկրներ, օրինակ Ճապոնիայի քաղաքականությունն այնպիսին է, որ նրանք ավելի շատ մտածում են արտագնա զբոսաշրջությունը զարգացնելու մասին, քան ներգնա, այսինքն` կան երկրներ, որոնք իրենց տնտեսական զարգացումը ավելի շատ այլ ճյուղերով են տեսնում:
Իսկ Հայաստանի համախառն ներքին արդյունքում զբոսաշրջությունը քանի՞ տոկոս է կազմում:
5 տոկոս: Երկրներ կան, որ զբոսաշրջությունը համախառն ներքին արդյունքի 80 տոկոսն է կազմում, բայց ես չէի ուզում, որ մեր երկիրը լիներ այդպիսի երկիր:
Ինչո՞ւ:
Դրանք այն երկրներն են, որոնց տնտեսական մյուս ճյուղերը զարգացած չեն եւ համարյա միայն զբոսաշրջությունն է:
Որ՞ երկրներն են:
Ավելի շատ բանանային երկրներն են, ծովափնյա երկրներն են, որտեղ ձկնորսությունն ու տուրիզմն է: Օրինակ, Ֆրանսիան զբոսաշրջիկների այցելության քանակով առաջին տեղն է, տարեկան մինչեւ 70 միլիոն զբոսաշրջիկ ունի, բայց իր համախառն ներքին աւրդյունքի մեջ այդպիսի մեծ տոկոս չի կազմում զբոսաշրջությունը, ինչպես նշված երկրներում, այսինքն` այն արդյունաբերական զարգացած երկիր է, տնտեսությունը զարգացնելու այլ ճյուղեր էլ կան: Իսկ Հայաստանի պայմաններում մենք ռեալ ներուժ ունենք զբոսաշրջության զարգացման համար, քանի որ մենք ունենք հարուստ պատմամշակութային ժառանգություն, հրաշալի բնություն եւ հրաշալի ժողովուրդ:
Ի՞նչ առումով հրաշալի ժողովուրդ:
Օժտված հարուստ հյուրասիրությամբ ու հյուրընկալությամբ, եւ որ ամենակարեւորն է՝ զբոսաշրջիկը այստեղ իրեն ընդունված է զգում: Շատ զբոսաշրջիկներ կան, որ հեռանում են՝ հյուրասիրությունից զարմացած:
Այսինքն` միայն հյուրասիրությունից են տպավորված հեռանում: Ուրիշ ինչո՞վ է գրավում զբոսաշրջիկներին Հայաստանը:
Վերջերս ճանաչողական այցով Հայաստան էինք հրավիրել զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության լրագրողների: Դա այն միջոցներից մեկն է, որով մենք Հայաստանը ավելի գրավիչ ենք դարձնում շուկայում …. Բարձրակարգ լրագրողներ էին, տարբեր երկրներ ներկայացնող` Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա… Նրանք իրենց տպավորություններով էին կիսվում ու բավականին զարմացած էին: Այսպիսի արտահայտության կա իրենց մոտ «ոսկե պահ», այսինքն՝ ինչն է անմոռանալի: Նրանցից մեկն ասում, էր, որ երեկոյան, երբ դուրս էր եկել զբոսնելու, «Վերնիսաժի» մոտ հանդիպել է վաճառականներին, որոնք իրենց իրերն էին հավաքում եւ օղի էին խմում, իրեն նույնպես հրավիրել են: Նստել են, կերել-խմել ու ծանոթացել: Ինքն ասում է, թե ապշած էր, որ ակնարկ անգամ չեն արել` իրենցից բան գնելու: Ասում էր, որ ինքը աշխարհում էսպիսի բան չէր տեսել ու զարմացած էր, նրանց մյուս ընկերները նույն տպավորություններն ունեին: Մարդկային շփումը զբոսաշրջության զարգացման դետալներից մեկն է եւ շատ կարեւոր է:
Ո՞ր երկրների զբոսաշրջիկներն են ավելի շատ հետաքրքված Հայաստանով:
2006-ից մինչեւ 2007-ի տվյալներով Ռուսաստան, Վրաստան, Իրան, Եվրամիության երկրներ, ԱՄՆ եւ այլն:
Պարոն Ապրեսյան, կան զբոսաշրջության բազմաթիվ ճյուղեր` էկոտուրիզմ, պատմամշակութային, կրոնական, ճանաչողական, գիտական-ազգագրական եւ այլն: Մեզ մոտ ո՞ր ճյուղն է ավելի շատ զարգացած:
Մեզ մոտ շատ հետաքրքիր մի փաթեթ է ձեւավորվել` պատմամշակութային ճանաչողական ու կրոնական զբոսաշրջության հիմքի վրա: Դրա հետ համատեղ եւ դառնում է մի համակցված հետաքրքիր փաթեթ՝ էկոտուրիզմը, գյուղական տուրիզմը, նաեւ՝ արկածայինը:
Իսկ ո՞ր սեզոնին են նախընտրում մեզ մոտ այցելել զբոսաշրջիկները:
Սեզոնը մեր կարեւոր խնդիրներից մեկն է, հիմնականում գարնանից մինչեւ ուշ աշուն, բայց նոր ծրագրերով մենք ուզում ենք երկարաձգել ձմեռային զբոսաշրջությունը՝ առողջարանային զարգացման միջոցով:
Որքա՞ն արժե Հայաստանի տուրփաթեթը:
Տարբեր է…Բայց առանց տոմսի արժեքի մի փաթեթը գնահատված է 1400 դոլար 7-10 օրվա համար:
Ո՞ր երկրների հետ կարող ենք համեմատվել փաթեթների արժեքի առումով:
Դե, տարբեր է, միայն փաթեթով չպետք է համեմատվել: Նայած թե ինչ արդյունք են վաճառում: Այսինքն՝ չես կարող համեմատես ծովային ուղեւորություն առաջարկողի հետ: Օրինակ՝ եվրոպական երկրներից կան, որ կարելի է համեմատվել:
Իսկ ներքին զբոսաշրջությունը ի՞նչ վիճակում է: Չէ՞ որ Հայաստանում բնակվողների համար բավականին բարձր են գները եւ բոլորին չէ, որ մատչելի են հայաստանյան հանգստի գոտիները:
Տարեկան միջինը 20 տոկոս աճ կա ներքին զբոսաշրջության մեջ:
Արտագնա զբոսաշրջության մասին ի՞նչ կասեք: Հայաստանցիների քանի՞ տոկոսն է մեկնում հանգստանալու:
Իհարկե, ներգնա զբոսաշրջությունը ավելի զարգացած է, քան արտագնան, այսինքն՝ ավելի շատ գալիս են, քան գնում: Բայց մոտ 20 տոկոսի չափ էլ սա է: Հիմնականում գնում են այն երկրներ, որոնք որ շատ մատչելի են, բայց Եվրոպա, հեռավոր էկզոտիկ երկրներ էլ են գնում:
Իսկ ֆինանսական ճգնաժամը ներգնա՞ , թե՞ արտագնա զբոսաշրջության վրա է բացասաբար անդրադարձել:
Իհարկե, ճգնաժամը ազդել է ամբողջ աշխարհի վրա: Աշխարհում 3 տոկոս անկում է արձանագրվում: Հայաստանի վրա էլ է ազդել, բայց մենք դեռեւս անկում չենք ապրել, աճի տեմպի զգալի նվազում կա, բայց դա դեռեւս անկում չէ: Այս տարվա առաջին կիսամյակում, համեմատած նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, 0,1 տոկոս աճ է եղել, դա, իհարկե, աճ չեմ համարում, բայց անկում էլ չկա:
Մենք ո՞ր երկրների հետ կարող ենք մրցել ներկայիս մակարդակով:
Հայեցակարգով ունենք, որ մինչեւ 2030 թվականը առաջին 50 երկրների մեջ ընդգրկվենք, այսօր 89-րդ տեղում ենք: Մեր կողքին կան արեւելաեվրոպական, ԱՊՀ երկրներ: օրինակ ԱՊՀ-ում 3-4-րդ տեղում ենք: Եղել են զբոսաշրջիկներ, որոնք եկել են, համեմատել եւ բարենպաստ են համարել որոշ ծառայություններ՝ համեմատած եվրոպական երկրների հետ: Օրինակ, ծառայությունների առումով նաեւ Իտալիայի հետ կհամեմատեմ: Շատ տեղերում կախված է տարբեր չափանիշներից:
Պարոն Ապրեսյան, զբոսաշրջիկների քանի՞ տոկոսն են կազմում սփյուռքահայերը:
Մոտ 60 տոկոսը, բայց նաեւ ծագումով ոչ հայ զբոսաշրջիկների հետարքրության աճի միտում կա:
Գայանե Գրիգորյան



























