«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահի իր թեկնածուն ունի, եւ մենք դա չենք թաքցրել ու չենք թաքցնում, քանի որ Սահմանադրությամբ արգելված չէ ասել, որ այս կամ այն անձը հավակնում է նախագահի պաշտոնին եւ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի խնդիրները Սահմանադրության հետ կապ չունեն, իսկ քաղաքական այն ուժերը, որոնք պնդում են, թե բոլոր խնդիրները թաղված են հիմնական օրենքում, պարզապես ստում են:

Զոհրաբյանը նաեւ հայտնել է, որ Ստրասբուրգում զրուցել է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, որոնք նշել են. կառավարման ձեւի փոփոխությունը քաղաքական բաղադրիչ է պարունակում եւ ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի: «Երկու կարծիք լինել չի կարող, քանի որ կառավարման ե՛ւ նախագահական ձեւը կարող է լինել ժողովրդավարական, ե՛ւ կիսանախագահական ու կիսախորհրդարանական ձեւերը: Եթե մենք անցնենք կառավարման խորհրդարանական կարգին խաղի այս պայմաններով, ապա մի քանի տարուց կհայտարարենք, որ կառավարման խորհրդարանական մոդելն ամենաբռնապետականն է: Խնդիրը կառավարման ձեւի մեջ չէ, այլ՝ քաղաքական կամքի բացակայության», - ասել է Զոհրաբյանը:

Նա նաեւ նշել է, որ ԲՀԿ-ն մտադիր չէ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկմանը մասնակցել, քանի որ դա ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակ ունի: «Ակնհայտ է մեկ բան՝ իշխանությունները պետք է հեռանան, լինի դա խորհրդարանի, թե վարչապետի լիազորությունների մեծացմամբ: Բայց իշխանությունը չպետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու հնարավորություն ստանա», - ամփոփել է Զոհրաբյանը: