Հայաստանի Ոստիկանությունը որեւէ հատուկ նախապատրաստական աշխատանքներ չի իրականացնում հոկտեմբերի 24-ին հայտարարված հանրահավաքի հետ կապված: Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Պատասխանելով հարցին, արդյո՞ք ոստիկանությունը պատրաստվում է հանրահավաքին՝ հաշվի առնելով իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտարարությունները, Հունան Պողոսյանը մամուլի ներկայացուցիչներին առաջարկել է հիշել, թե արդեն որքան են նման հայտարարություններ եւ ակնարկներ եղել: Նա ընդգծել է, որ ոստիկանությունն ապաքաղաքական համակարգ է:

Հունան Պողոսյանի խոսքով՝ հանրահավաքի ընթացքում ոստիկաններն ընդամենը հետեւելու են օպերատիվ իրավիճակին՝ ելնելով քաղաքացիների շահերից: Միաժամանակ, Պողոսյանը հիշեցրեց, որ ինչպես ոստիկանների, այնպես էլ հավաքի կազմակերպիչների վրա է կարգի պահպանման պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է հնարավոր անկանխատեսելի գործողություններին, ապա, ըստ Հունան Պողոսյանի, ոստիկանությունը նման գործողություններին կպատասխանի օրենքով նախատեսված անկանխատեսելի գործողություններով: