Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 16-ի նիստի ավարտից հետո Սահակյանը կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ, հավաքված թղթակիցների կողքով անցնելով, արագորեն իջավ աստիճաններով:
«Ներեցեք, սակայն ցավոք, տվյալ պահին մենք չենք կարող պատասխանել ձեր հարցերին», - հայտարարեց Աշոտյան: Ելքի կես ճանապարհին, սակայն, Սահակյանը այդուհանդերձ շրջվեց եւ մեկ-երկու քայլ արեց դեպի լրագրողները: Սակայն այդտեղ ժպիտով մոտեցավ Աշոտյանը եւ վերջինիս թեւը բռնելով, վազքի վերածվող արագ քայլերով դուրս եկան փողոց:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Սահակյանը կարդաց Հայաստանում գտնվող ռուս սահամանպահ զորքերին հողատարածք եւ մակերես տրամադրելու լրացուցիչ չափումների անհրաժեշտության մասին որոշումը:
Ինչպես նշվում է բացատրագրում, սկզբնապես ծրագրվել է 142,9 հազար քմ փակ տարածք եւ 130,1 հա հողատարածք չափել, սակայն վերջին փաստացի հաշվարկներով՝ անհրաժեշտ չափումներին ենթակա են 223 հազար քմ մակերես եւ 192 հա հողատարծք: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են ռուսական սահմանապահները նախատեվածից շատ տարածք զբաղեցրել, Սահակյանը չպատասխանեց:




























