Գիտությամբ զբաղվելու համար այն պետք է սիրել: Այդ մասին լրագրողներին հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս նա գնահատում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գիտական աշխատանքները:

Հարցին՝ նրանց աշխատանքները գիտության մեջ իրական արժեք կարո՞ղ են, արդյոք, ներկայացնել, եւ թույլատրելի է, արդյոք, դրանց անուշադրության մատնելը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չի բացառվում»: Մեկ այլ հարցին՝ վերջինս արդյոք չի ափսոսո՞ւմ, որ նման «առաջավոր գիտնականները» որոշել են իրենց չնվիրել գիտությանը՝ ԳԱԱ-ի նախագահը պատասխանեց. «Նրանք պետք է ափսոսեն: Գիտությամբ զբաղվելու համար այն սիրել է պետք »:

Հիշեցնենք, որ 2013թ. ձմռանը Տարոն Մարգարյանը ստացել է տնտեսագիտության թեկնածուի, իսկ մոտ մեկ ամիս առաջ Սուրիկ Խաչատրյանը ստացել է փիլիսոփայության դոկտերի արեւմտյան աստիճան (Ph. D, հետսովետական տարածքում համապատասխանում է  թեկնածուի աստիճանին): Մինչդեռ հասարակության շատ անդամներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ նշված պետպաշտոնյաները երբեք չեն զբաղվել գիտական գործունեությամբ: