Մեզ քննադատողներին եւ ինչ-որ արկածախնդրության դրդել փորձողներին խորհուրդ եմ տալիս հավաքել իրենց կողմնակիցներին, թեկուզ եւ ամենափոքր հրապարակում: Այս մասին հոկտեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով եռյակի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի հասցեին հնչող քննադատությունը:
«Եվ եթե նրանք այդքան հեղափոխական են, ապա նախագահի նստավայրն այնտեղ է, կառավարության շենքն այնտեղ է, թող գնան եւ գրավեն: Մեզ ոչ ոք չի կարող անմտածված արկածախնդիր քայլերի դրդել: Մենք հիանալի գիտակցում ենք մեր պատասխանատվության չափը, իսկ իշխանությունները գիտեն, որ ունեն ժողովրդի զրոյական վստահությունը: Գագիկ Ծառուկյանը չէր կարող իր վրա պատասխանատվություն վերցնել՝ ծանրութեթեւ չանելով եւ չհաշվարկելով հետագա քայլերը», - նշել է Զոհրաբյանը:




























