«Ժառանգություն» խմբակցությունից խնդրել են չմեկնաբանել Զարուհի Փոստանջյանի տեսակետը, քանի որ դա իր մասնավոր կարծիքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ «Ժառանգությունից» հայտնել են, որ պաշտոնական տեսակետ կարող են հայտնել միայն կուսակցության ղեկավարը, փոխնախագահը, խմբակցության ղեկավարը, քարտուղարը. «Դա Զարուհի Փոստանջյանի մասնավոր կարծիքն է, որը կարիք չկա մեկնաբանելու, «Ժառանգությունում» մասնավոր կարծիքները շատ են»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

Նշենք, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է եռյակի միացյալ հարթակի օրակարգը: Դրանք են.

1. Պետք է Ազգային ժողովում սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը:

2. ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին` որպես հանցագործների եւ հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը եւ օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողմից:

3. Ապօրինի սեփականաշնորհված եւ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը: ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերված ունեցվածքի վերադարձը պետությանը:

4. Հակակշռող եւ զսպող օրենքների ընդունում, ընդդիմությունը վերահսկողական լծակների տրամադրում:

5. Բոլոր այն դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում եւ դատապարտում, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում:

6. Ոստիկանություն, ԱԱԾ-ի եւ բանակի բոլոր այն պաշտոնատար անձանց հետապնդում եւ դատապարտում, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական սպանությունների, հետապնդումների, հալածանքների եւ բռնաճնշումների:

7. Ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորում, որը կգործի առավելագույնը վեց ամիս եւ կիրագործի վերոնշյալը` մինչեւ օրինական իշխանության ձեւավորում:

8. Արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում: